Խորհրդարանական
արտահերթ ընտրությունների գործընթացում հիմնարար նշանակության հարց է այն, որ ընտրական
գործընթացին մասնակից քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը,
ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք:
Դա երաշխիք
կլինի ընտրական իրավունքի ազատ ու անխոչընդոտ իրացման համար: Որքան դա ապահովված է,
այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված
մարմնի նկատմամբ վստահությունը։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է ապահովել
փոխադարձ հարգանք իրար նկատմամբ և բացառել որևէ լարվածություն: Ընտրությունները պետք
է ծառայեն հասարակությունում համերաշխության վերականգնմանը:
Կոչ ենք
անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը
բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող
բառապաշարից: Հանրային գործիչները հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով
օրինակ ծառայել այս հարցում:
Պետք է
նկատի ունենալ, որ ցանկացած լարվածություն տարածվում է նաև կողմնակիցների միջև և մեծացնում
է լարվածությունը, անգամ ագրեսիվացնում է մթնոլորտը:
Պաշտոն
զբաղեցնող և պետական կարգավիճակ ունեցող բոլոր անձինք` անկախ պաշտոնեական դիրքի աստիճանից,
պարտավոր են հաշվի առնել, որ իրենք նախընտրական քարոզարշավի ընթացքում չեն դադարում
պաշտոնյա լինելուց և պետական կարգավիճակ ունենալուց: Սա նշանակում է, որ նրանք սահմանափակված
են իրենց իրավասության սահմաններով և պետք է թույլ չտան խախտում` անցնելով այդ իրավասության
սահմանները:
Պետության
բոլոր մարմինները, այդ մարմինների պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց
ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած
երևույթ՝ վիրավորանքն ու ատելությունը, հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի
արդարացումը կամ խրախուսումը: Համերաշխության մթնոլորտի, մարդու իրավունքների ու յուրաքանչյուրի
կարծիքի նկատմամբ հարգանքի ապահովման գլխավոր պարտավորությունը պետությանն է:
Այս նպատակների
համար ընտրական գործընթացը պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության
վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:
Դիտարկումը
ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում ակտիվ են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ
էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ
բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն ավելացնում
են առանց այդ էլ առկա լարվածությունը:
Մարդու
իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքն իրենց
իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց
հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ կապ:
Ի գիտություն
բոլորի, ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Պաշտպանի իրավասության մեջ չի մտնում այն
վեճերի լուծումը կամ բողոքների քննումը, որոնք կոնկրետ գործերով են և ուղղված են մասնավոր
անձանց դեմ կամ մասնավոր անձանցից կոնկրետ պաշտոնատար անձանց պաշտպանելուն:
Մարդու
իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների
իրավունքների հարցերը, իսկ աշխատակազմում գործում է աշխատանքային խումբ, որը նախընտրական
և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի
անկախ մշտադիտարկում:
Ընտրական
իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի
է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:
Հայաստանի
Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները
գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում: