Հունիսի 2-ին Ադրբեջանում տեղի ունեցավ հայկական կողմի գերիներ
Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային
իրավունքն ամբողջությամբ ոտնահարող քրեական գործով դատական նիստը:
Ավելին, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը և Գլխավոր
դատախազությունը հայտարարություն տարածեցին. «Հադրութի հյուսիս-արևմտյան շրջանից
ադրբեջանցի զինվորականների ու քաղաքացիական անձանց դեմ դիվերսիա, ահաբեկչություն և
այլ հանցագործություններ իրականացրած ընդհանուր առմամբ 14 հայ ռազմագերիների դեմ
հարուցված քրեական գործի նախաքննություն ավարտվել է և ուղարկվել դատարան»։
Նախ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր
զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են. նրանք գերեվարվել են
զինված հակամարտության ժամանակ և հիմա էլ այդ հակամարտությունը չի ավարտվել:
Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների
նկատմամբ հետապնդումներ են հարուցում, ըստ էության, հենց նրանց այսպես կոչված «խոստովանական
ցուցմունքների» հիման վրա:
Պարզ է, որ նման պայմաններում Ադրբեջանում նրանք պահվում են ակնհայտ
ապօրինի, և գերիներից ցանկացածի նկատմամբ քրեական հետապնդումը կամ
դատավարությունը, նրանց կալանքի տակ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի,
այդ թվում` Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտումներ են:
Ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի
քաղաքականությունն էլ ընդհանրապես հաստատում է քրեական ընթացակարգերի
ապալեգիտիմությունը և ավելորդ դարձնում անգամ որևէ իրավունքի մասին խոսելը: Ավելին,
այս պայմաններում ակնհայտ վտանգված է գերիների կյանքի և մի շարք այլ կենսական
իրավունքներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրությամբ
արձանագրել է, որ, ինչպես երևում էր երեկ ադրբեջանական աղբյուրներով հրապարակված
տեսանյութերից ու լուսանկարներից, դատական նիստերի դահլիճում գերիներ Լյուդվիկ
Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ դրսևորվում էր մարդու արժանապատվությունը
բացահայտ նվաստացնող վերաբերմունք՝ նրանց պահելով ապակյա խցում ու մեկուսացած
վիճակում:
Մշտադիտարկումը ցույց է տվել, որ այդ վերաբերմունքն ու
հրապարակումներն արվել են այն նպատակով, որ լրացուցիչ հոգեկան տառապանքներ
պատճառեն գերիների ընտանիքների անդամներին և լարվածություն առաջացնեն հայկական
հասարակությունում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
ուսումնասիրությունները վկայում են, որ այդ տեսարանի հրապարակայնացումն
ադրբեջանական սոցիալական մեդիայում արժանացել է գովասանքի, իսկ Լյուդվիկ Մկրտչյանի
և Ալյոշա Խոսրովյանի վերաբերյալ հնչել են մահապատժի ենթարկելու և խոշտանգելու,
ինչպես նաև նրանց նկատմամբ բռնության կոչեր:
Ուստի, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ
դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և
կոպտորեն խախտում են գերիների ու նրանց ընտանիքների իրավունքները, քաղաքականացնում
են մարդասիրական հարցերը:
Եվ այս ամենն այն պայմաններում, որ ադրբեջանական իշխանությունները
չեն հայտնում գերիների իրական թիվը:
Հետևաբար, հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ
արձակվեն ու վերադարձվեն Հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան