ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության
(ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ:
Հանդիպման
ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում
տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական
հանցագործությունները, ինչպես նաև բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի
հրատապության հարցը:
Կողմերն
արձանագրել են, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում
են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց
պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:
Պաշտպանը
ներկայացրել է նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով ադրբեջանական զինվորականների
անօրինական ներկայության փաստը ՀՀ տարածքում ու դրանից ներս, ինչն էլ հաստատում է Սյունիքի
շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը:
Հանդիպման
ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի դերը` կարևորելով
ոչ միայն համատեղ իրականացրած կրթական, իրազեկման ծրագրերը, մարդկանց սոցիալ-տնտեսական
իրավունքների աջակցմանն ուղղված քայլերը, այլ նաև ադրբեջանական զինված հարձակումների
հետևանքով մարդու իրավունքների խախտումները աշխարհին ճշգրիտ ներկայացնելուն ուղղված
միջոցառումները:
Պաշտպանը
գնահատել է ՀԲԸՄ դերը հատկապես
2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական
ու մարդկության դեմ ուղղված հանցանքները վերլուծելու և աշխարհին ներկայացնելու հարցում:
Պերճ Սեդրակյանը
բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը՝ նշելով, որ ՀԲԸՄ-ն
ևս հետևում է սահմանային անվտանգության հարցերին, երկրում տիրող իրավիճակին:
Պաշտպանին
է ներկայացվել ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող «Ճշմարտության ձայներ» տեսաշարը, որը նպատակ
ունի պատերազմի սառը վիճակագրությունը ներկայացնելու մարդկային դեմքով, անունով և կյանքի
պատմությամբ՝ փաստագրելով իրականացված վայրագություններն ու նպատակ ունենալով վերականգնել
արդարությունը:
Կողմերը
պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցության ուղղությունները:
Տեսաշարը՝ այստեղ: