Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 14-ին Սյունիքում Գորիս խոշորացված համայնքի
ղեկավարի հետ այցելեց Գորիսում գտնվող Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ,
ինչպես նաև Վերիշեն բնակավայրում գտնվող հիմնադրամի սոցիալական ձեռնարկություն, որն
ուսումնական կենտրոն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կանանց համար։
Կենտրոնի
տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը Պաշտպանին ներկայացրեց կանանց, այդ թվում` տնտեսական կարողությունների
զարգացման ծրագրերը:
Մասնավորապես,
քննարկվեց Goris Handmade-ը, որն արտադրում է բարձրորակ, 100% բնական բրդից իրերի լայն
տեսականի, ներառյալ՝ գորգեր, բարձեր, ծածկոցներ և ավելի քան 50 տարբեր խաղալիք կենդանիներ:
Ռուզաննա
Տոռոզյանը նշեց, որ հիմնադրամի շահառուների թվում են ինչպես հաշմանդամություն ունեցող,
այնպես էլ Արցախից տեղահանված ավելի քան 40 ընտանիքների կանայք, որոնք անցնում են ուսումնառություն
և ստանում նոր մասնագիտություն՝ աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար (ձեռարվեստ,
խոհարարություն, համակարգչային գիտելիքներ, հաշվապահություն, վարսահարդարում և այլն)։
Քննարկումների
ընթացքում հիմնադրամի տնօրենը նշեց Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի աջակցության
և համայնքապետարանի հետ համագործակցության մասին: Նշվեց նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի
կարևոր աջակցության մասին:
Մարդու
իրավունքների պաշտպանը բարձր գնահատեց կանանց կարողությունների զարգացման նման ծրագրերը,
քանի որ կանանց ակտիվ գործունեությունից է կախված նաև երկրի զարգացումը։
«Մենք
պետք է ամեն կերպ աջակցենք կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, քանի որ
ֆինանսապես կայուն եկամուտներ ունեցող կանայք կարող են հնարավորինս զերծ մնալ բռնությունից
ու խտրականության այլ դրսևորումներից։ Կանանց ակտիվ ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական
կյանքին ու որոշումների կայացման գործընթացներին բխում է հենց հասարակության շահերից»,-
նշել է Արման Թաթոյանը։
Քննարկումների
ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել նաև կանանց ներգրավվածությունը
տնտեսական, իրավական ու այլ ոլորտներում խթանելուն ուղղված համատեղ միջոցառումներ`
Գորիս համայնքապետարանի հետ համագործակցությամբ: