Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանին լրագրողներն
ահազանգերով բողոքներ են ներկայացրել՝ նշելով, որ պաշտոնական միջոցառումները
լուսաբանելու համար իրենց արգելվում է մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին:
Լրագրողները նշել են՝ նախապես չի հայտարարվել, որ Սարդարապատի
հուշահամալիր մուտքն իրենց համար փակ է լինելու, տեղում ևս չի ներկայացվել որևէ
պարզաբանում կամ հիմնավորում:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած
պարագայում լրատվամիջոցները պետք է նախապես տեղեկացվեն սպասվելիք նմանատիպ
միջոցառումների լուսաբանման պայմանների, ինչպես նաև սահմանափակումների մասին՝
նախապես հրապարակված պարզաբանումներով կամ հիմնավորումներով:
Լրատվամիջոցների միջոցով է հասարակությունը տեղեկանում երկրում
տեղի ունեցող իրադարձությունների ու հանրային մարմինների աշխատանքի մասին,
հետևաբար նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը պետք է երաշխավորված
լինի: