Մարդու
իրավունքների պաշտպանի հանձարարությամբ` աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների
իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներն այսօր այցելել են զինվորական հոսպիտալ
և հանդիպել Սև լճին հարակից տարածքում ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից
վնասվածքներ ստացած ՀՀ զինծառայողներին:
Մասնավորապես,
Մարդու իրավունքների պաշտպանին 2021 թվականի մայիսի 20-ի երեկոյան ահազանգ էր ներկայացվել
այն մասին, որ նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև տեղի է ունեցել
միջադեպ, որի արդյունքում մեր մի շարք զինծառայողներ ստացել են տարբեր վնասվածքներ:
Ահազանգից քիչ անց տեղեկությունը հրապարակվել էր նաև զանգվածային լրատվության միջոցներով:
Ահազանգից
անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկել է փաստերի հավաքմանն ու ուսումնասիրությանն
ուղղված անհրաժեշտ քայլեր:
ՀՀ զինծառայողներին
երևանյան հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո իրականացվել է այց հոսպիտալ:
Պայմանագրային
զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ, ուսումնասիրվել են վնասվածքներ
ստացած զինծառայողների բժշկական փաստաթղթերը, տեղեկություններ են փաստագրվել նրանց,
ինչպես նաև Հայաստանի մյուս զինհոսպիտալում բուժում ստացող զինծառայողների առողջական
վիճակի մասին:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների, այդ թվում` առանձնազրույցների
ընթացքում պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք 2021թ. մայիսի 20-ին, նորից վկայակոչելով
ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, փորձել են զբաղեցնել բլուր, որը գտնվում է ՀՀ Սյունիքի
մարզի Սև լճին հարակից տարածքում՝ Խոզնավար գյուղի ուղղությամբ ավելի խոր հատվածում:
ՀՀ զինծառայողներն
ադրբեջանական զինվորականներից պահանջել են վերադառնալ իրենց ելման դիրք: Նրանք սկզբում
նշել են, թե համաձայն են կատարել պահանջը, բայց որոշ ժամանակ անց՝ երեկոյան ժամին,
ագրեսիվ պահվածք դրսևորելով, դիտավորյալ հրահրել են ծեծկռտուք և մի քանի տասնյակ զինծառայողների
խմբով հարձակվել ՀՀ զինծառայողների վրա:
Ընդհանուր
առմամբ, միջադեպը տևել է 20-30 րոպե, ինչից հետո ադրբեջանական զինվորականները ստիպված
լքել են նշված տարածքը:
Պաշտպանի
ներկայացուցիչներն ՀՀ զինծառայողների առողջական վիճակը քննարկել են հոսպիտալի բուժանձնակազմի
հետ: Բժիշկների գնահատմամբ՝ բոլոր զինծառայողների առողջական վիճակը բավարար է, նրանք
հիմնականում ստացել են ձեռքի, դիմածնոտային կամ այլ թեթև աստիճանի վնասվածքներ, ներկայում
շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները: Մեր
զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է:
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանը ադրբեջանական զինված ծառայողների նկարագրված կոնկրետ արարքը
դիտարկում է` որպես լուրջ սադրանք, որն իրականում ուղղված է ՀՀ Սյունիքի գյուղերի քաղաքացիական
բնակչության դեմ` հաշվի առնելով Խոզնավար գյուղի ուղղությամբ անօրինական առաջանալու
նրանց փորձը:
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանն ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները դիտարկում
է 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժելու և Գեղարքունիքի
ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում`
գյուղերի հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն
առաջացնելու համատեքստում:
Այսինքն`
ադրբեջանական զինվորականների այս բոլոր բացահայտ անօրինական, քրեորեն պատժելի արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ:
Անհրաժեշտ
է նաև հատուկ ընդգծել, որ նշված միջադեպերը հրահրող ու տարբեր սադրանքներ ձեռնարկող
ադրբեջանական զինված ծառայողների գերագույն գլխավոր հրամանատարը Ադրբեջանի նախագահն
է, ով անընհատ խոսում է Հայաստանի ողջ բնակչության, հայ ժողովրդի մասին սպառնալիքների
լեզվով, ուղերձներով ու քաղաքականությամբ խրախուսում է թշնամանք ու հայատյացություն:
Միջազգային
կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն,
թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու
իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:
Տեղի ունեցածը
ևս մեկ անգամ հաստատում է անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը: