Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն
փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը
հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր
այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը:
Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում
ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության,
ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության,
տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների:
Սահմանազատումն ինքնին մարդու իրավունքների երաշխիք է, որի սխալ իրականացումը
կարող է հանգեցնել իրավունքների նոր խախտումների ու լարվածության:
Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Այդ կերպ պետությունը
կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը
և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի
կորուստ:
Հակառակ դեպքում` դարձյալ ստացվելու է, որ պետության առաջացրած տեղեկատվական
վակուումը լցվել է ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվությամբ՝ շփոթեցնելով անգամ
բարեխիղճ մարդկանց, իսկ առանձին պաշտոնյաներ դարձյալ սկսելու են իրենց անպատասխանատու
գրառումներով՝ հաճախ ողողված վիրավորական բառերով, մեղադրել մարդկանց մտացածին «մեդիատեռորի»
մեջ:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան