2021
թ. մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ զինված ուժերի ծառայողների
իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված
տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ:
Հետևաբար, ՀՀ զինծառայողների իրավունքների
պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի
շրջանակներում:
Անգամ եթե ՀՀ պաշտպանության
նախարարությունը ծառայողական քննություն իրականացնի, միևնույն է` դա չի կարող
փոխարինել քրեական վարույթի իրականացումը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս
հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին:
Ու առհասարակ` թեմայով հատուկ արձանագրում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից.
պետական մարմինները, հատկապես ճգնաժամային
իրավիճակում, ուղղակի պարտավոր են հասարակությանը տրամադրել օպերատիվ և հավաստի
ինֆորմացիա, որպեսզի կեղծ նյութերն ու ապատեղեկատվությունը հնարավորություն
չունենա զարգանալու, իսկ պաշտոնյաները պարտավոր են զերծ մնալ հասարակությանը
մոլորեցնելու և վիրավորանքներով ուղեկցվող հայտարարություններով բաժանարար գծերը
խորացնող արատավոր պահվածքից:
Բացի այն, որ դրանք պատասխանատու պետական
մարմինների` հանրության հետ հաղորդակցվելու անհեռատես քաղաքականությունը
արդարացնելու արհեստական փորձեր են, ավելի են մեծացնում անվստահությունը
պաշտոնյաների արարքների նկատմամբ: