Հաշվի առնելով Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանի առաջատար փորձը COVID-19 համավարակի պայմաններում՝ մայիսի 17-ին Արման
Թաթոյանը Մոսկվայում բարձրաստիճան միջոցառմանը հանդես է եկել ելույթով և
ներկայացրել COVID-19 համավարակի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունները:
«Մարդու իրավունքների ոլորտի
սահմանադրական և միջազգային երաշխիքների իրականացումը Ռուսաստանի
օրենսդրությունում և պրակտիկայում» խորագրով միջազգային բարձրաստիճան միջոցառումը
կազմակերպել են Եվրոպայի խորհուրդը և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ռուս.՝ МГИМО):
Պաշտպանը, նախևառաջ անդրադարձել է ԵԽ
Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ
արդյունավետ աշխատանքներին, համատեղ ծրագրերին` մարդու իրավունքները զինված
ուժերում, մարդու իրավունքները բիոէթիկայի ոլորտում, ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում
և այլն: Օրինակ` բիոէթիկայի ոլորտում ծրագիրն ուղղված է պացիենտների իրավունքների
պաշտպանությանը, իրազեկման բարձրացմանը և դա իրականացվում է ԵԽ հետ:
«Տեղեկատվությունը, հաղորդակցությունը և
առողջապահական գրագիտությունը COVID-19 համավարակի պամաններում» թեմայով զեկույցով
Արման Թաթոյանը մանրամասն անդրադարձել է Նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի
հիմքով արտակարգ դրության ընթացքում Պաշտպանի գործունեության
առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության հարցում մարտահրավերներին:
Պաշտպանն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի ընթացքում մարդկանց իրավունքների
արդյունավետ պաշտպանության և փորձի փոխանակման նպատակով արդյունավետ
համագործակցություն և քննարկումներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում
մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Աշխատանքի առանձին ուղղություն է նաև
պարբերաբար քննարկումները ՌԴ-ում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության
վերաբերյալ, ինչպես նաև քաղաքացիների համատեղ ընդունելությունները։
Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև
Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի
կիրառման, ՄԻԵԴ դիմումներ ներկայացնելու և նախադեպային իրավունքին, «Իրավական
ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության» ծրագրին, COVID-19
համավարակի պայմաններում տեղեկատվության փոխանակման, հաղորդակցության և
առողջապահության մասին գրագիտության առնչվող հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանը ելույթի ժամանակ ներկայացրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների
ազգային հաստատության համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ և մասնակցությունը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ որպես միջազգային
լավագույն փորձի օրինակ: Նշվել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի
հաստատությունը երրորդ կողմ է ներգրավել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
Հայաստանին վերաբերող գործի շրջանակներում, ինչպես նաև Եվրոպական դատարանի
վճիռների կատարման գործընթացում Պաշտպանի համագործակցության փորձը պետական
մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:
Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում Մարդու
իրավունքների դաշնային հանձնակատարը, ՌԴ գործադիր, դատական իշխանության բարձրագույն
մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան
պաշտոնյաներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անդամներ և
միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տեսանյութը՝ այստեղ: