Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ
է իրականացրել Կութ գյուղում: Պաշտպանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս
համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Կութ գյուղ:
Պարզվել
է, որ ադրբեջանական զինվորականները, բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ, անօրինական
առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
Մարդու
իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել գյուղի բնակիչների հետ, որոնք մեծ մասամբ
զբաղվում են անասնապահությամբ:
Կութ գյուղի
հովիվներից մեկը Պաշտպանին տեղեկացրել է, որ մայիսի 12-ին կենդանիներին արածացնելու
ժամանակ գյուղի հարակից սարում նկատել է ադրբեջանական զինվորականների, որոնք զենքի
ցուցադրումով հանցավոր սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրը, ցուցաբերել
են ագրեսիվ պահվածք: Հովիվը մեկ այլ համագյուղացու օգնությամբ է կարողացել սարից արագ
իջեցնել կենդանիներին: Ընդ որում, արոտավայրը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում:
Մարդիկ
տեղում ահազանգեր են ներկայացրել այն մասին, որ Կութ գյուղը և դպրոցը հայտնվել են ադրբեջանական
նշանառության ներքո: Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն իրենց արոտավայրերի
տարածքներում, իրենց բնակավայրի հարևանությամբ վտանգում է մարդկանց կյանքն ու անվտանգությունը,
խաթարել է հոգեկան անդորրը: Նրանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել
անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր
կենդանիներին չեն կարողանում պահել սարատեղիների անասնագոմերում, ջուր խմեցնել կամ
արածեցնել, վտանգված է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը:
Պաշտպանի
գլխավորած աշխատանքային խումբն արձանագրել է, որ Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են
ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ:
Ադրբեջանական
զինվորականների նկարագրված անօրինական արարքները հաստատում են ՀՀ սահմանային բնակիչների
իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը:
Փաստահավաք
աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին: