Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզպետ
Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել
է Վերին Շորժա գյուղ, գյուղին հարակից արոտավայրեր (սարատեղի), որտեղ ադրբեջանական
զինվորականներն բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ անօրինական առաջ են եկել դեպի
Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
Մարդու
իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել տարածքում անասնապահությամբ զբաղվող մարդկանց
հետ: Մի քանի հովիվներ Պաշտպանին տեղեկացրել են, որ մայիսի 12-ին և 13-ին կենդանիներին
արածացնելու ժամանակ նկատել են ադրբեջանական զինվորականների, որոնք զենքի ցուցադրումով
հանցավոր սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրերի տարածքները:
Փաստահավաք
աշխատանքների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մարդիկ այս
պահին փաստացի չեն կարողանում օգտագործել արոտավայրերը` այդ տարածքներում ադրբեջանական
զինվորականների անմիջական ներկայության պատճառով: Հնարավոր չէ օգտագործել նաև այն արոտավայրերը,
որոնք ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ են: Արոտավայրերը ՀՀ իրավասու
մարմինների օրինական թույլտվությամբ հատկացված են մարդկանց:
Մարդիկ
տեղում ահազանգեր են ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն
իրենց արոտավայրերի հարևանությամբ վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել
է հոգեկան անդորրը: Նրանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ,
որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն
կարողանում պահել սարատեղիների անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված
է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը:
Փաստահավաք
աշխատանքներին ներկա էր նաև ՀՀ ջրային կոմիտեի նախագահը, ով հավաստեց, որ օրը 2 անգամ
նմուշառում է արվում ու այս պահի դրությամբ ջրի բաղադրության խնդիր չի արձանագրվել:
Փաստահավաք
աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին:
Այցի ընթացքում
համագործակցության կարևոր հարցեր են քննարկվել Գեղարքունիքի մարզպետի, Վարդենիս համայնքի
ղեկավարի, ինչպես նաև Ջրային կոմիտեի ղեկավարի հետ` կապված ՀՀ սահմանային բնակիչների
իրավունքների պաշտպանության հետ: