Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտից
իրականացվել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված Սև լճի ուղղությամբ
ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության
հետ:
Այցն իրականացվել
է Գորիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ
քաղաքացիական բնակիչների և զինվորականների հետ:
Սև լճի
հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է ստեղծված իրավիճակին:
Պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք, վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ,
խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անօրինական առաջխաղացում ունեցել
դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական
բնակավայրեր: Ադրբեջանական զինվորականների այդ արարքը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային
բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Առաջին օրը` մայիսի
12-ին նրանք արդեն իսկ զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին:
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը
կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին
իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու
հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման
ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:
Ադրբեջանական
զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի
ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը
հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը,
մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը:
Մարդու
իրավունքների պաշտպանը զրուցել է տեղում հերոսական և անձնուրաց ծառայություն իրականացնող
սպաների ու զինվորերի հետ, քննարկել նրանց ծառայության հետ կապված հարցեր:
Այցի արդյունքները
կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված
քայլեր: