ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանին այսօր վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի
և Սյունիքի մարզերի բնակիչներից` կապված ՀՀ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ`
արոտավայրերի տարածքներում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի անօրինական
ներկայության հետ:
Ահազանգեր
են ստացվել, մասնավորապես, Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի
Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ու Սյունիքի ստորաբաժանումների
ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների անօրինական արարքները
կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները: Պաշտպանի աշխատակազմը
արձանագրել է ահազանգեր լրատվամիջոցներում:
Ադրբեջանական
զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ սահմանային բնակիչներին զրկում է իրենց
ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու
հնարավորությունից, իրական վտանգ է համայնքներում ոռոգման ու խմելու ջրի հասանելիության
(օրինակ` Սև լճի տարածքը) համար: Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը նշված
վայրերում իրական վտանգ է մարդկանց կյանքի ու անվտանգության համար, խաթարում է նրանց
հոգեկան անձեռնմխելիությունը: Մայիսի 12-ից սկսած լարվածություն է առաջացել հայաստանյան
հասարակությունում:
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում է այս ահազանգերի
վրա և արձանագրում, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն
և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: