ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Հայաստանի
Հանրապետության Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու,
փաստահավաք աշխատանքների և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն
միջազգային կառույցների հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական
առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից
դեպի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատված կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների
իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ:
Ադրբեջանական
զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային
պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ
զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում
համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի
ու անվտանգության համար:
Ադրբեջանական
զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի
ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը
հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը,
ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը:
Սյունիքի
մարզ Պաշտպանի այցի ընթացքում տեղում հատուկ սկզբունքով կիրականացվեն փաստահավաք աշխատանքներ,
կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր: