Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ
Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն
Գալագերի հետ:
Պաշտպանը
շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ կարևորելով մարդու
իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքը:
Արման
Թաթոյանը դեսպանին ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին
Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից
իրականացված պատերազմական հանցագործությունները:
Պաշտպանը
նշել է, որ միջազգային կազմակերպություններին են ուղարկվել 297 տեսանյութի և
լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց
նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական
ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ:
Նա
մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի
հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն
խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները՝ գերիներին
ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:
Պաշտպանը
նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք
ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված
հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են,
պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ
այլ նախապայմանի:
Ադրբեջանական
իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն
ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով
տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:
Պաշտպանը
շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են
հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝
Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես
կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն
հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են
նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:
Արման
Թաթոյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց
ելույթների վրա և շեշտել, որ նրա ելույթներն ավելի են բորբոքում հայատյացությունը։
Դրանք վտանգում են տարածաշրջանում ժողովուրդներ միջև խաղաղությունը։
Հանդիպմանը քննարկվել է նաև
նախընտրական փուլին առնչվող` Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը
վերաբերող մի շարք հարցեր: Պաշտպանը կարևորել է հասարակությունում
համերաշխությունը և նշել, որ իրականացնելու են ընտրությունների ապաքաղաքական
դիտարկում: