Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու
թշնամանքի քաղաքականության վկայություն են, Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական
նամակով ուղարկել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով,
ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային մի շարք այլ մարմինների:
Այս անգամ խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլ
ամսվա ելույթներին:
Ուղարկված ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու
սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի,
Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն
են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական
ժողովրդի առավելությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը
լինելու է շարունակական. Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձները ենթարկվում են
հատուկ մոնիթորինգի:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է ցույց տալ
ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների
կոպիտ խախտումների պատճառ է, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք և վտանգում է խաղաղությունն
ու անվտանգությունը: