Լրագրող Նանե Արզումանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին
և տեղեկացրել, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ստացել է անձնական
բնույթի սպառնալիքներ սոցիալական ցանցի կեղծ ու իրական մի շարք օգտատերերից։
Նանե Արզումանյանի դիմումից անմիջապես հետո Մարդու իրավունքների
պաշտպանն անձամբ, ապա նաև աշխատակազմը կապվել է նրա հետ։
Լրագրողը մանրամասներ է փոխանցել այն մասին, որ մայիսի 9-ին
Եռաբլուրում նկարահանած և հրապարակած տեսանյութի առնչությամբ իրեն թիրախավորել են
սոցիալական ցանցերի կեղծ և իրական օգտատերեր, նրանցից ստացել է անձնական բնույթի
սպառնալիքներ, վիրավորանքներ, արժանապատվությունը նվաստացնող նամակներ։ Նա նշել է,
որ թիրախավորվել են նաև ընտանիքի անդամները՝ շահարկման առարկա դարձնելով
պատերազմում զոհված իր եղբորը։
Ըստ Ն. Արզումանյանի՝ խոսքը վերաբերում է նաև հրապարակված
տեսանյութում երևացող զոհված զինծառայողի մորը թիրախավորելուն: Այդ նամակները Նանե
Արզումանյանը կուղարկի նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Լրագրողը նշել է, որ վաղն առավոտյան դիմելու է Ոստիկանություն և
խնդրել է Պաշտպանին հետևել իրավապահ մարմինների աշխատանքին։
Հաշվի առնելով, որ, ինչպես դիմումում նշել է լրագրողը, հարցն
առնչվում է մասնագիտական գործունեության կապակցությամբ իրեն թիրախավորելուն`
Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կուղարկի Ոստիկանություն` ուշադրության
ներքո պահելու համար գործի ընթացքը։