Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 10-ին ընդունել
է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը Ֆրանկոֆոնիայի
Եվրոպայի տարածքաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ։
Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր
ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի
կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները:
Պաշտպանը նշել է, որ միջազգային կազմակերպություններին են
ուղարկվել 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի
զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների,
հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի
վերաբերյալ:
Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների
վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը
կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները՝
գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:
Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և
քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ,
շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ
կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝
առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:
Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում,
քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց
ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով
լարվածություն հասարակությունում:
Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները
շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից
է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին
վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է
հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ
ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների
համար:
Արման Թաթոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի
պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների
վրա և շեշտել, որ նրա ելույթներն ավելի են բորբոքում ադրբեջանական
հասարակությունում հայատյացությունը։ Դրանք վտանգում են տարածաշրջանում
ժողովուրդներ միջև խաղաղությունը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու
իրավունքների պաշտպանության ոլորտում։