Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման
խորհրդատվական խորհրդի նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի
մասնակցել են նաև Կանխարգելման
ազգային մեխանիզմի փորձագետները, քաղաքացիական
հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Փաստաբանների պալատի անդամներ:
Նիստում քննարկվել են ազատությունից
զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող արդիական խնդիրներ,
որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի և 2020
թվականի ընթացքում իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում:
Մասնավորապես, քննարկման
առարկա են դարձել Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված անձանց
իրավունքների ապահովման վիճակին, փակ հաստատություններում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը,
անգործունակ անձանց իրավունքների ապահովմանը, ինչպես նաև քրեակատարողական
հիմնարկներում տույժերի և խրախուսանքի միջոցների կիրառմանն առնչվող հարցերը: Ներկայացվել
են համակարգային այս խնդիրների լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի
ձեռնարկած քայլերն ու մոտեցումները:
Նիստի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանին
առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների
և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին,
համատեղ քննարկվել են
դրանց լուծման հնարավոր ուղիները:
Ազատությունից զրկված
անձանց իրավունքների երաշխավորման գործում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ոչ միայն քաղաքացիական
հասարակության, այլև իրավասու պետական մարմինների և կազմակերպությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: