Ապրիլի 29-ին ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու
իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի հերթական նիստ: Այն
անցկացվել է ընդլայնված կազմով, որին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև
զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքացիական
հասարակության կազմակերպությունների, Փաստաբանների պալատի ներկայացուցիչներ, անկախ
փորձագետներ: Նիստի բացման խոսքում՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
հատուկ ընդգծել է, որ մարդու իրավունքներին առնչվող խնդիրների արդյունավետ լուծման
համար, առավել ևս, եթե դրանք վերաբերում են զինված ուժերին էական է քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչների դերը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Կորոնավիրուսային
(Covid-19) համավարակի և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի
սանձազերծած պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո զորքերում մարդու
իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի
աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի և զորամասեր մոնիթորինգային այցերի
ժամանակ: Քննարկվել են զորահավաքային զորակոչի և զորահավաքային ծառայության
ընթացքում քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների, ներառյալ՝
առողջական ու սոցիալական բնույթի խնդիրներ:
Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանին
առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով»
փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների և հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:
Պաշտպանը կարևորում է Զինված ուժերում մարդու
իրավունքների պաշտպանության և խթանման գործում ոչ միայն քաղաքացիական հասարակության,
այլև իրավասու պետական մարմինների, հատկապես՝ Պաշտպանության նախարարության ու ԶՈՒ
Գլխավոր շտաբի պատասխանատու ստորաբաժանումների հետ ձևավորված արդյունավետ
համագործակցությունը: