Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ
Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել են Դավիթ Բեկ գյուղ:
Գյուղում հանդիպում է տեղի ունեցել Կապան համայնքի ղեկավարի, Դավիթ
Բեկ և Կաղնուտ գյուղապետերի հետ:
Քննակվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից
հետո համայնքում ստեղծված իրավիճակը:
Մասնավորապես, գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով
պայմանավորված` ավելի են սրվել սոցիալական խնդիրները. սահմանների հետ կապված
գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են հողատարածքներից կամ այն մշակելու
հնարավորությունից, քանի որ հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ: Ավելին,
կան մասնավոր հողատարածքներ, որոնք չնայած կադաստրային օրինական վկայականների`
ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել:
Մանրամասն քննարկվել են մարդկանց անհատական խնդիրները, որոնց մեծ
մասը նախորդ այցերի ընթացքում արձանագրվել և արդեն իսկ պաշտոնական ընթացք են
տրվել:
Համայնքի բնակիչները բարձրացրել են աշխատատեղերի բացակայության
հարցը: Առաջարկվել է կարիքները գրավոր ձևակերպել` ՀՀ Նախագահի կամ ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում աջակցության նկատառումով:
ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը
կամփոփեն համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան
քայլեր, այդ թվում՝ համատեղ:
Հիշեցնենք, որ Դավիթ Բեկ գյուղի խաղաղ բնակիչները 2020 թվականի
սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում տուժել են ադրբեջանական զինված
ուժերի հարձակումներից. սպանվել էր մեկ խաղաղ բնակիչ, վիրավորումներ էին ստացել մի
քանի անձինք: