Հանրապետության նախագահն ու Մարդու
իրավունքների պաշտպանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ
գյուղ:
Բնակիչները` որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության
ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին
ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են
նաև սոցիալական չլուծված խնդիրներ:
Պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում
մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից:
Ադրբեջանական ներկայության պատճառով բնակարաններից զրկված մարդիկ
բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է Սյունիքում մարդու
իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու
իր հայեցակարգը:
ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը
կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն
համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ: