Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Monde» թերթին՝ խոսելով Սյունիքում
ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։ Պաշտպանը
միջազգային լրատվամիջոցին է ներկայացրել նաև իր հայեցակարգը Սյունիքում ապառազմականացված
անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ։
Լրագրողը պատկերավոր նկարագրել է Սյունիքում մարդկանց իրավունքների
կոպիտ խախտումները․ «Ահա արդեն երկու ամիս է, ինչ Ստեփան Մովսիսյանը ստիպված է
ուշադիր լինել, թե ուր է ոտք դնում: Մեկ սխալ քայլ, և 72-ամյա գյուղացին կհայտնվի
Ադրբեջանում: Համենայն դեպս, այդպես են պնդում ադրբեջանցի զինվորները: 2020 թվականի
դեկտեմբերի 27-ին նրանք հայտնվել են գյուղում իրենց GPS-ով և կտրուկ հայտարարել,
որ իրենց է պատկանում սահմանին տեղակայված տան կեսը, ինչպես նաև ճանապարհի մի
կողմում գտնվող 11 տները:
Մտահոգված ծերունու աչքերի առաջ զինվորները տեղադրել են «Գյուղ
Շուռնուխ, Կուբաթլուի շրջան, Ադրբեջանի Հանրապետություն» գրությամբ ցուցանակը:
Տարեց մարդու տան ննջասենյակն ու հյուրասենյակը մնացել են հայկական կողմում,
սակայն գոմ նա այլևս մտնել չի կարողանա: Ինչևիցե, նրա վիճակն այնքան վատ չէ, որքան
իր հարևաններինը, որոնց ուղղակիորեն դուրս են արել իրենց տներից: Բնակիչներին այն
հանգամանքն էր ցնցել, որ Շուռնուխն ընդգրկված է Հայաստանի Սյունիքի մարզում և ոչ
թե Կուբաթլուի (Սանասար) շրջանի, որն անցել է ադրբեջանական կողմին:
Այժմ լեռան ստորոտին գտնվող գյուղում լարված իրավիճակ է:
Ստեփան Մովսիսյանը ստիպված է հարմարվել նոր հարևաններին: Երբ նա
դուրս է գալիս պատշգամբ, հայացքն ընկնում է դրոշների ու զինվորականների շարանի
վրա. ադրբեջանցիները տեղակայվել են կիսաքանդ կառույցում, ռուս խաղաղապահները
տեղակայվել են ճանապարհի մյուս կողմում, իսկ իր այգում այժմ օրուգիշեր երկու հայ
սահմանապահներ են հերթապահում:
«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ինձ են հետևում»,-
ծիծաղկոտ հայացքով ասում է տղամարդը»: