Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Human Rights
Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն Ադրբեջանում հայկական կողմի
գերիների նկատմամբ խոշտանգումների արձանագրման վերաբերյալ և այն համարում բացարձակ
կարևորության քայլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Իրավապաշտպան այս
կազմակերպության օրինակին պետք է հետևեն մյուս միջազգային կազմակերպությունները, և
արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ
պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցում։
Ադրբեջանի իշխանությունները, զինված ուժերը կոպտորեն խախտել են
հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքի, առողջության
պահպանման, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության իրավունքները,
երեխաների լավագույն շահերը, գերիներին չվերադարձնելով շարունակում են պատճառել
հոգեկան տառապանքներ և այլն: Այս ամենը՝ ադրբեջանական իշխանությունների կատարածը,
պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են:
Հանցանք կատարած անձինք, ադրբեջանական իշխանությունները պետք է
ենթարկվեն պատասխանատվության: Դա բացարձակ անհրաժեշտություն է հենց ապագայում նման
հանցավոր արարքները կանխարգելելու և խաղաղ գոյակցության հիմքեր ապահովելու համար: Անպատժելիությունը
ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ։