Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Հանրապետության նախագահ
Արմեն Սարգսյանի հետ:
Մարդու
իրավունքների պաշտպանն ու Նախագահը քննարկել են գերիների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման
ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։
Հանդիպմանը Մարդու
իրավունքների պաշտպանը նախագահին է ներկայացրել Սյունիքում բնակիչների
իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի
ստեղծելու իր հայեցակարգը։ Արման Թաթոյանը շեշտել է, որ սահմաններին առնչվող
գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից պատերազմի բացահայտ սպառնալիքի,
ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության պետական
քաղաքականության պայմաններում:
Դրանից բացի,
ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի
գյուղերի անմիջական հարևանությամբ, ինչը լրջորեն վտանգում է բնակիչների կյանքի
իրավունքն ու նրանց ֆիզիկական անվտանգությունը: Բնակիչների իրավունքների
տեսանկյունից սադրանքներ ու անհանգստություն են առաջացրել ադրբեջանական զինվորականների,
ցուցանակների ու դրոշների առկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին:
Առկա են նաև սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ:
Նախագահ Սարգսյանն
ընդգծել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու
սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման
գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է: Սրան գումարվում են
նաև Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները կամ դրանց էական վտանգը:
Տեսանյութը՝ այստեղ: