Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Զինված ուժերում
մարդու իրավունքների պաշտպանություն. Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման
իրավական շրջանակ» ձեռնարկը: Այն մշակվել ու հրապարակվել է Եվրոպայի խորհրդի
Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի
զինված ուժերում» ծրագրի շրջանակում։
Ձեռնարկը վերաբերում է Զինված ուժերում մարդու իրավունքների
պաշտպանությանը և կարևոր ու պրակտիկ գործիք է Պաշտպանի կողմից զինծառայողների
իրավունքների և ազատությունների, զինված ուժերում կանանց իրավունքների
մշտադիտարկման համար:
Ձեռնարկում ներառված են մարդու իրավունքների պաշտպանությանը
վերաբերող ինչպես ներպետական օրենսդրական իրավակարգավորումներ, Սահմանադրական և
Վճռաբեկ դատարանների դիրքորոշումներ, այնպես էլ միզագային իրավական չափանիշներ,
ներառյալ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի փաստաթղթերում և Եվրոպական դատարանի վճիռներում ու
որոշումներում տեղ գտած դրույթներ:
Ձեռնարկը կազմված է հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի
տարեկան հաղորդումներում ու զեկույցներում տեղ գտած խնդիրները, ներառում է
Պաշտպանի աշխատանքներում մշտապես օգտագործվող ակտերը, ուստի այն ունի նաև պրակտիկ
կիրառելիություն: Դրանում ներառված են զինվորական հաշվառումից ու զորակոչի
կազմակերպումից մինչև զինված ուժերում կանանց առաջխաղացման և զինծառայողների ու
նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքներին առնչվող հարցերին
վերաբերելի իրավական չափանիշներ։