ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ
վերջին օրերին տեղադրվել են ծաղկեպսակներ ու դագաղներ այդ պատգամավորների
նկարներով: Սրա հետ կապված` արձանագրվել են հանրային որոշ քննարկումներ, որոնք
նկատի ունենալով 2018թ. նույն երևույթները` հղում են անում «բումերանգի օրենքին»:
Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի
նշանակում, թե նույնը պետք է անել հիմա: Հակառակ դեպքում մենք կհայտնվենք այնպիսի
վտանգավոր փակ շղթայի մեջ, որ ամեն անգամ նույն արատավոր երևույթը կարող է
կրկնվել` հղում անելով «բումերանգի օրենքին» կամ դա անելով «վրեժի» զգացումից
դրդված:
Նշվածը Մարդու իրավունքների պաշտպանը նույն սկզբունքով
անթույլատրելի է գնահատել նաև 2018թ.:
Մասնավորապես, այդ ժամանակ է Պաշտպանը նաև նշել, որ նման արարքները
ոտնահարում են մարդու, նրա ընտանիքի արժանապատվությունը, խաթարում են մարդու
ընտանեկան ու մասնավոր կյանքը: Դրանք պարունակում են բռնության սադրանքի տարրեր ու
կարող են խախտել մարդու, նրա ընտանիքի հոգեկան վիճակը:
Այս ամենը միայն ավելացնում է լարվածությունը առանց այն էլ բարդ ու
ճգնաժամային իրավիճակում:
Մեր երկրում բոլոր իրադարձությունների զարգացումը պետք է ապահովվի
մարդու արժանապատվության, նրա իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհով: