1. Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է
զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ
հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով Սահմանադրությունն ու
իրավունքի գերակայության պահանջները:
Անմիջական ժողովրդավարությունից զատ, հիմնարար նշանակություն ունի
նաև ներկայացուցչական ժողովրդավարությունը, որը հռչակված է ՀՀ Սահմանադրությամբ՝
որպես հիմնարար սկզբունք ու դա պետք է իրացվի ժողովրդավարական հաստատությունների
աշխատանքով:
2. Ուստի, անփոխարինելի է ժողովրդավարական հաստատությունների ու
առաջին հերթին խորհրդարանի դերը մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ
ունեցող երկրում:
3. Բարդ ու ճգնաժամային իրավիճակներում խորհրդարանը հավասարակշռող
ու զսպող, առկա խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ ապահովող հաստատություն է:
Խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ
հանգուցալուծման վրա և իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական
հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը:
Այն պետք է լինի ակտիվ ու նախաձեռնողական:
4. Հետևաբար, այս օրերին Ազգային ժողովը պետք է լինի Հայաստանում
ժողովրդավարական զարգացումների անկասելիության հիմնարար երաշխավորը:
5. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներն
արձանագրում են, որ երկրում առկա է անհանդուրժողականության բարձր մակարդակ ու
լարվածություն: Սոցիալական ցանցերում շարունակվում են վիրավորանքներն ու
ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ
մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում:
Սրան ավելանում է նաև տարբեր կողմերի որոշ հանրային գործիչների
անթույլատրելի կերպով անհանդուրժողականությունն ավելացնող հանրային խոսքն ու
ելույթները:
6. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր ևս
իրականացնելու է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ տեղի ունենալիք
հավաքների դիտարկումներ:
7. Խաղաղ հավաքների ազատության հիմնարար նպատակներից է ապահովել
հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես
եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին
հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձագանքել:
Խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ
և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:
8. Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է ընդգծում, որ
պետությունն է կրում խաղաղ հավաքների ազատությունը և հավաքների մասնակիցների
անվտանգությունը երաշխավորելու պոզիտիվ պարտավորություն: Սա է մեր երկրի
միջազգային պարտավորությունն է:
9. Քանի որ այսօր տեղի են ունենալու հակընդդեմ հավաքներ, Մարդու
իրավունքների պաշտպանը հատուկ է մեջբերում Եվրոպայի խորհրդի իրավական չափանիշները.
հակընդդեմ հավաքների դեպքում շեշտադրումը պետք է դրվի պետության պարտավորության
վրա պաշտպանելու ու ապահովելու դրանցից յուրաքանչյուրը, և պետությունը պարտավոր է
հատկացնել համարժեք ռեսուրսներ ու նպաստել դրանց իրացմանը:
Սրանով հանդերձ, նույնիսկ «բախման անմիջական վտանգը» չի կարող
ինքնաբերաբար պատճառ դառնալ նույն ժամանակահատվածում և տարածքում իրականացվող
հավաքներից մեկի արգելման համար:
10. Ոստիկանության պարտականությունն է հակընդդեմ հավաքների դեպքում
դրանցից յուրաքանչյուրի մասնակիցների պաշտպանությունը հակընդդեմ որևէ հավաքի կամ
ակցիայի մասնակիցների հարձակումներից կամ բռնությունից, նրանց անվտանգության
ապահովումը:
11. Այս առումով, խնդրահարույց էր, օրինակ, այն, որ 2021թ.
փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակից տեղի ունեցավ երթ դեպի Ազատության
հրապարակ ու այդտեղ առկա՝ ընդդիմության հակընդդեմ հավաքի ընթացքում արձանագրվեցին
հավաքների մասնակիցների միջև բախումների մի շարք դեպքեր:
12. Նման զարգացումները պետք է ի սպառ բացառվեն ու դրա ապահովումը
պետության պոզիտիվ պարտավորությունն է:
13. Հավաքի կազմակերպիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի
գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակընդդեմ հավաքի մասնակիցների հետ
բախման, հատկապես եթե առկա է լարվածություն երկու հակընդդեմ հավաքների
մասնակիցների միջև:
14. Ուստի, հավաքների կազմակերպիչները՝ անկախ նրանից այդ հավաքներն
իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել
առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի
հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ:
Պետք հաշվի առնել, որ առանց այն էլ երկիրը գտնվում է
հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ
լարված վիճակում:
15. Թե՛ իշխանության մարմինների, թե՛ ընդդիմության հավաքների ու
հնարավոր երթերի ընթացքում կազմակերպիչները պետք է բացառեն վիրավորանքի ու
անհանդուրժողականությունն ավելացնող բառապաշար ու գործողություններ:
16. Վերը նշվածից բացի, երեկ ու այսօր Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում արձանագրել է
հրապարակումներ, այդ թվում տեսանյութեր այն մասին, որ վարչական ռեսուրսի
օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով
կազմակերպվում է մարդկանց (այլոց թվում նաև դպրոցներից) մասնակցությունը
իշխանության մարմինների կողմից հայտարարված այսօրվա հավաքին:
Նման ահազանգեր են ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին,
ինչպես նաև այդպիսի հրապարակային պնդումներ են արել մի շարք հանրային գործիչներ՝
կապված մարզպետարանների անմիջական ներգրավածության հետ:
17. Առհասարակ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների
կազմակերպումն անթույլատրելի է ու առավել ևս անթույլատրելի է, եթե դա անում են
իշխանության մարմիններն իրենց իսկ կազմակերպմամբ տեղի ունեցող հավաքին:
Ուստի, հաշվի առնելով նշված տեղեկությունների զգալի ծավալը,
երկրում ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորելու
պետության պոզիտիվ պարտավորությունը՝ այդ տեղեկությունները պետք է հիմնավոր կերպով
հերքվեն հավաքի կազմակերպիչների՝ իշխանության մարմինների կողմից, եթե դրանք չեն
համապատասխանում իրականությանը:
18. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձանագրել է նաև
Ոստիկանության 2021թ. փետրվարի 16-ի հայտարարությունն առ այն, որ որոշ
գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել
ընդդիմության հանրահավաքներին:
Պաշտպանի աշխատակազմն արձանագրել էր նաև սոցիալական ցանցերում
հրապարակված նույնաբնույթ տեղեկություններ` կապված 2021թ. փետրվարի 25-ին
Հանրապետության հրապարակում իշխանության կազմակերպած հավաքին մարդկանց
մասնակցության հետ:
19. Ողջ վերը նշվածի ամփոփմամբ Հայաստանի Մարդու իրավունքների
պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ միայն ժողովրդավարական գործընթացներն են
ունակ ապահովել անհանդուրժողականության բացառում, զսպել լարվածությունը և
երաշխավորել իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:
Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան
ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ:
20. Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են
ընկած նաև երկրի անվտանգության հիմքում:
21. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված
լինել միայն ժողովրդավարության պայմաններում:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
01.03.2021թ.