Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին տեղեկացրել է վերջին ամիսներին Պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին: Նա մասնավորապես ներկայացրել է Հանրապետության սահմանամերձ մարզեր Պաշտպանի և աշխատակազմի աշխատակիցների պարբերական այցերի ընթացքում արձանագրված խնդիրները՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից շարունակաբար և հետևողականորեն իրականացվում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների` միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող ծրագրված գործողություններ:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ հայտնելով, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվող գործընթացի վերաբերյալ արդեն իսկ դիմել է համապատասխան միջազգային ատյաններին:
Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն առանձնահատուկ անդրադարձել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին:
Արման Թաթոյանը նախագահին մանրամասն տեղեկություններ է տրամադրել Պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ համագործակցում են ներգրավված բոլոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը համատեղ կաշխատեն ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ միջազգային ատյաններում հայկական կողմի մտահոգություններն ու արձանագրված խնդիրները բարձրացնելու ուղղություններով:
Այս համատեքստում նախագահը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները, մասնագիտական դիտարկումներն ու փաստահավաք գործունեությունը: