Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 28-ին մասնակցել է Հանրապետության
նախագահի նստավայրում 2020 թվականի պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների
անդամների հետ հանդիպմանը:
Հանդիպմանը
մասնակցել են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Պաշտպանության
նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:
Հանդիպման
ընթացքում ընդգծվել է միջազգային կառույցների դիմելու, նրանց արձագանքի
կարևորությունը թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների որոնման հարցերի լուծմանը՝
թույլ չտալու համար, որ Ադրբեջանը հայկական կողմի գերիների վերադարձի հարցը դարձնի
քաղաքական շահարկման ու սակարկությունների առարկա:
«Հետպատերազմական գործընթացում մարդու
իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու
վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և
դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից»,- նշել է Մարդու իրավունքների
պաշտպանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից իրականացված ու իրականացվող մարդու
իրավունքների խախտումները մշտապես բարձրաձայնում է և տեղեկացնում միջազգային
իրավապաշտպան կազմակերպություններին: