Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է
Հարավային Կովկասում և ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ
ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է
նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորին։
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանում
պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի
հրատապության հարցը: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն
արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու
հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում
լարվածություն առաջացնելու նպատակով:
Պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական ժամանակահատվածում մարդու
իրավունքների լուրջ խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի
բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի
արագությամբ ընթացող սահմանների որոշման գործընթացի պատճառով:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ ոչ միայն չի դադարել, այլ նաև նոր
զարգացումներ է ստացել Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամանքի հրահրումը։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ
պատվիրակության հետ համագործակցությունն ու մասնավորապես՝ ընդգծել է համատեղ
աշխատանքը մարդու իրավունքների երկխոսության ու մի շարք այլ ծրագրերի ֆորմատով:
Պաշտպանը վերահաստատել է համատեղ աշխատանքի հանձնառությունը, որն ուղղված է ԵՄ
աջակցությամբ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում:
ԵՄ պատվիրակությունն իր հերթին ընդգծել է Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում և
Պաշտպանի հետ համագործակցության կարևորությունը:
Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համատեղ աշխատանքի նոր
ուղղություններ: