Ադրբեջանական գերությունից Հայաստան
վերադարձած զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական բժիշկները
ցուցաբերել են հատուկ վերաբերմունք և սրտացավություն։ Այս ամենն արձանագրվել է
հոսպիտալներ Մարդու իրավունքների պաշտպանի և նրա ներկայացուցիչների այցերի ժամանակ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
շուրջօրյա դիտարկումներն այս հարցերով ցույց են տալիս, որ ՀՀ պաշտպանության
նախարարության համակարգի ռազմական բժիշկները հավատարիմ են իրենց մարդասիրական
բարձր առաքելությանը: Դրա մասին են վկայում ոչ միայն Պաշտպանի աշխատակազմի
ուսումնասիրությունները, այլև քաղաքացիները, ովքեր իրենց դիմումներում հերոսական
են համարում մեր բժիշկների կատարած աշխատանքը:
Պատերազմական գործողությունների ժամանակ շատ
դեպքերում նրանք վերջինն են դուրս եկել ռազմական գործողությունների այն վայրերից,
որտեղ ընթացել են ծանր մարտեր՝ օգնություն ցույց տալով կամ փրկելով մյուսներին:
Պաշտպանն արձանագրել է ռազմագերիներին բացառիկ աջակցության օրինակներ։
Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմը,
անձնուրացությունը, գիշեր ու ցերեկ հոգատար աշխատանքը պետք է յուրաքանչյուրս բարձր
գնահատի: Նրանց առաքելությունը մարդասիրսական է և չի ճանաչում ազգություն:
Իհարկե, ռազմաբժշկության ոլորտում կան նաև
տարբեր խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հետեւողական կոնկրետ քայլեր: Մարդու
իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում պատրաստակամ է ու մշտապես է
աջակցում խնդիրների լուծմանը, ինչը բերում է տվյալ համակարգի զարգացմանը և
նպաստում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր գործին: