Մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանն այսօր ընդունել է «ՔՈԱՖ» բարեգործական հիմնադրամի Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի «Բանավեճի
ծրագրի» աշակերտներին:
Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին
ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության
ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի
մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին
ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և
այլն:
Գիրք նվիրելու օրը՝ Պաշտպանը կարևորել է
երեխաների կրթությունն ու հորդորել, որպեսզի երեխաները, երիտասարդները սիրեն գիրքը,
և որ մանկավարժները խրախուսեն գիրք կարդալը:
Արման Թաթոյանը նշել է, որ բարձր
արժեքային համակարգ ունեցող, կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող
քաղաքացին է վաղվա ապագան:
Մարդու իրավունքների պաշտպանին երեխաներն
ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև ծանոթացել են Պաշտպանի
աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին:
Նշենք, որ ավելի վաղ ճանաչողական այցեր
են կազմակերպվել նաեւ «ՔՈԱՖ»- հիմնադրամի Դալարիկ, Գետաշեն եւ Քարակերտ
համայնքների երեխաների համար: