Մարդու իրավունքների
պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական
կենտրոն։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն
Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Արման Թաթոյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել
ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։ Նա քննարկումներ է ունեցել կենտրոնի
շահառու զինծառայողների հետ։
Արմեն Մուրադյանը նշել
է, որ այստեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև զինծառայողների կրթության
և աշխատանքի հարցերը: Նա շեշտել է, որ Զինվորի տանն արդեն մեկնարկել է
պրոթեզավորման ծրագրի առաջին փուլը. ձեռքի և ոտքի ամպուտացիաներ ունեցող բոլոր
զինծառայողներին կտրամադրվեն լավագույն, գերժամանակակից պրոթեզներ:
Հայկուհի Մինասյանն
ընդգծել է, որ մասնագետները գնահատում են ձեռքի ամպուտացիաներ ունեցող զինվորների
ֆունկցիոնալ վիճակը, որպեսզի պրոթեզները լինեն յուրաքանչյուր զինվորի անհատական
կարիքներին ու կարողություններին համապատասխան:
Մարդու իրավունքների
պաշտպանը բարձր է գնահատել կատարված աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով
իր իրավասության շրջանակում աջակցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների
իրավունքների պաշտպանությանը։