ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է
քննարկման վարույթ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1
ավագ դպրոցում ստեղծված վիճակի առնչությամբ՝ կապված տնօրենի ընտրության գործընթացի
ու կրթական իրավունքի վրա դրա ազդեցության հետ:
2021 թվականի փետրվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում
զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի դիտարկմամբ ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է տեղեկություններ այն մասին, որ
Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչները հայտարարել են գործադուլ,
իսկ աշակերտները՝ դասադուլ:
Դիտարկման արդյունքները վկայում են, որ խոսքը վերաբերում է տնօրենի
ոչ իրավաչափ կամ ոչ արդարացի սկզբունքով ընտրվելու մասին պնդումներին: Դրանից
բացի, ստացվել է այնպես, որ դպրոցում խաթարված է դասերի բնականոն ընթացքը: Ավելին,
դիտարկվել է նաև ոստիկանների ուղեկցությամբ տնօրենի դպրոց գալու դեպքերը:
Ուստի, հաշվի առնելով վերը շարադրված տվյալները՝ Մարդու
իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ և պարզաբանումներ են
պահանջվել ԿԳՄՍ նախարարությունից և Ոստիկանությունից: