Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի
5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,
դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝
կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց
վերադարձի հրատապության հետ: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն
արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանը ու
հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու լարվածություն
առաջացնելու նպատակով: Դրանից բացի, Պաշտպանը դեսպանին է ներկայացրել մարդու
իրավունքների խախտումները սահմանների որոշման գործընթացում:
Մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ իրենց
ուշադրության կենտրոնում են նաև Արցախից Հայաստան տեղափոխված անձանց իրավունքների
երաշխավորման հարցը։ Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է
տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով տեղահանված մարդկանց համար։
Առաջիկայում կհրապարակվի նաև արտահերթ զեկույց, որտեղ տեղ են գտել
երկրում ռազմական դրություն հայտարարվելու օրվանից սկսած Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմում իրականացված և մինչ օրս իրականացվող անհատական դիմումների
(գրավոր և բանավոր) քննարկման, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, Հայաստանում
Արցախից տեղահանված անձանց բնակության վայրեր (կացարաններ, ժամանակավոր կայանման
կետ, մասնավոր տներ) իրականացված այցերի արդյունքում արձանագրված կարիքները,
ինչպես նաև նրանց իրավունքների ապահովման խնդիրները:
Կողմերը ընդգծել են երկու կառույցների միջև բարձր
համագործակցությունն ու փոխադարձ վստահությունը, ինչպես նաև պայմանավորվել են
խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։