Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ
ահազանգեր ծնողներից և ուսուցիչներից թվային միջավայրում երեխաների իրավունքների
պաշտպանության վերաբերյալ։
Բողոքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծնողներն ու
ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից ու խնդիրներից։
Վերջերս, համացանցում լայն տարածում են գտել երեխաների կյանքի և
առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք անկառավարելի տարածում են ստացել ամբողջ
աշխարհում և մեծ սպառնալիք են երեխաների, հատկապես՝ դեռահասության տարիքում գտնվող
երեխաների առողջ զարգացման համար: Ցավոք, մեր երկրում նույնպես տարածում են գտել
այդպիսի խաղեր։
Նշվածը պահանջում է երեխաների ծնողների, այլ օրինական
ներկայացուցիչների, ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրություն և զգոնություն,
հստակ կանխարգելիչ միջոցներ, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային
միջավայրում անվտանգության մեխանիզմների կատարելագործմանը:
Երեխաները նույնպես պետք է իմանան, թե ինչպես խուսափեն վտանգներից
կամ ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ նորարարական տեխնոլոգիաների
միջավայրը գրավիչ ազդեցություն ունի երեխաների վրա:
Թվային միջավայրում երեխաների պաշտպանության վերաբերյալ օգտակար
խորհուրդներ երեխաներն ու նրանց ծնողները, ինչպես նաև ուսուցիչները կարող են գտնել
«Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու
համար» ուղեցույցում, որն ընդունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի
կողմից: Տվյալ ուղեցույցը պարունակում է առաջարկություններ Եվրոպայի խորհրդի անդամ
բոլոր պետությունների համար:
Ուղեցույցի հայերեն թարգմանությունը ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է դեռևս 2018 թվականին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար կազմակերպում
է սեմինարներ ուսուցիչների համար՝ ուշադրություն դարձնելով թվային միջավայրում
երեխաների անվտանգության վերաբերյալ ինֆորմատիկայի ուսուցիչների իրազեկվածության
բարձրացմանը։ Այդ դասընթացներին արդեն իսկ մասնակցել է շուրջ 100 ուսուցիչ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թարգմանած «Թվային
միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար»
հայերեն ուղեցույցին կարող եք ծանոթանալ այս հղումով։