Դատապարտելի է ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի
կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին
ուղղված իր խոսքում: Առավել ևս բացարձակ անընդունելի է նրա կողմից իր խոսքի
վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում:
Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն
իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու
արտահայտություններ:
Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես
հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ
մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող
արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն
անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր
հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող
անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են:
Պետք է առհասարակ բացառել
վիրավորանքով միմյանց մասին խոսելը, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի
նկատմամբ՝ յուրաքանչյուրս մեր խոսքում պահպանելով այս կանոնները: