Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տան ուղիղ հարևանությամբ
գտնվող նրան պատկանող անասնաշենքը GPS (գլոբալ տեղորոշման) համակարգի կամ Գուգլ
քարտեզի (Google Map) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական»
և «հայկական»:
Ընդ որում, ինչպես տան, այնպես էլ անասնաշենքի նկատմամբ
սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատված է ՀՀ կադաստրի կոմիտեի վկայականներով:
Հենց այդ տան տարածքում մենք փորձեցինք Գուգլ (google) քարտեզների
մի քանի տարբերակներ, որոնցից ամեն մեկը ցույց տվեց տարբեր արդյունք, այդ թվում՝
Ստյոպա Մովսիսյանի տունը ու Շուռնուխ գյուղն ամբողջությամբ ներկայացնելով
Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:
Հարցն այն աստիճան է խնդրահարույց, որ Ստյոպա
Մովսիսյանի հենց սեփական տան շենքի անմիջապես դիմաց` տնամերձ հողամասի մեջ
տեղակայված է ՀՀ Սահմանապահ զորքերի վերակարգ, իսկ նրա տան անմիջապես
հարևանությամբ` գյուղի մի մասի ադրբեջանական լինելու ադրբեջաներենով ցուցանակ է:
Սահմանապահ զորքերի մեր տղաներն անձնուրաց ու հերոսաբար են ծառայում. հարցը
բոլորովին այլ է, որ վերաբերում է կիրառվող մեթոդի կամ սկզբունքի
անընդունելիությանը:
Ցավոք, այսօր նման պատմությունները բազմաթիվ
են. Նման կոնկրետ օրինակներն
են հենց ապացուցում, որ սահմանների որոշման մինչ այս պահը կիրառվող մոտեցումների,
GPS կամ Գուգլ քարտեզի (Google Map) մեխանիկական կիրառության պատճառով վտանգվել,
իսկ հատկապես սեփականության ու մի շարք այլ իրավունքների դեպքում կոպտորեն խախտվել
են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:
Մարդիկ սեփականության վկայականներով անգամ չեն կարողանում օգտվել
իրենց գույքից:
Ուստի, Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման
հարցում նման մեխանիկական մոտեցումները, նման արագությամբ գործընթացները պետք է
ուղղակի բացառվեն:
Անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական
հետազոտությունների արդյունքներ, տեղում հանձնաժողովային մանրամասն աշխատանքներ,
պատշաճ իրավական հիմքեր և այլն: