Խիստ մտահոգիչ է, որ իշխանության մարմիններն ու պաշտոնյաները,
քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու
իրավունքների համակարգի պահանջները, իրենց հրապարակային խոսքով նպաստում են
անհանդուրժողականության խորացմանն ու լարվածության ավելացմանը:
Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային
հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ»
պիտակավորմամբ դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու,
խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է:
Նույն սկզբունքով անթույլատրելի է քաղաքական ընդդիմության առանձին
շրջանակների կողմից գործածվող բառապաշարով հասարակությանը խմբերի բաժանելու,
մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու նույնիսկ դրա խրախուսումը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տևական ու թիրախային
դիտարկումները վկայում են, որ այս անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն, որ
գործում են թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակների
աջակցող սոցիալական ցանցերի (հատկապես՝ «Ֆեյսբուք») կեղծ էջեր և կեղծ օգտահաշիվներ,
որոնք կազմակերպված ու նպատակային հարձակումներ են իրականացնում իրար դեմ:
Արդյունքում ստացվել է այնպես, որ սոցիալական մեդիայի հայկական ողջ
տիրույթը հեղեղվել է հայհոյախառն վիրավորանքներով, միմյանց ուղղված սպառնալիքներով
ու ատելության խոսքով` հիմնովին ոտնահարելով մարդու իրավունքների համակարգի
պահանջները:
Սա որևէ տեղ չտանող ճանապարհ է, որ լի է վտանգներով, այն ավերում է
մեր երկրի ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքերի համակարգի տարիների
ձեռքբերումները:
Հասարակական-քաղաքական համակարգը պետք է մշտապես հիմքում ունենա
մարդու իրավունքները՝ որպես ունիվերսալ բարձր արժեքներ և ղեկավարվի այդ
իրավունքների, այդ թվում՝ այլոց կարծիքի նկատմամբ հարգանքի սկզբունքով:
Հ.Գ. Ընդամենը երեկ է Մարդու իրավունքների պաշտպանն այս թեմայով
ավելի ծավալուն գրառում կատարել, սակայն, հաշվի առնելով շարունակվող նույն
մտահոգիչ զարգացումները, կրկին հորդորում է համերաշխության ու համախմբվածության,
ուղղակի հրամայական պահանջ է դարձել հարգանքը մարդու իրավունքների ու
ժողովրդավարական արժեքների նկատմամբ: