Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերում սկզբունքային
նշանակության գործոն է ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինների կողմից
կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի շարունակվող
քաղաքականությունը:
Նույն նշանակությունն ունեն ադրբեջանական զինված ուժերի կատարած
պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, այդ թվում`
ադրբեջական իշխանությունների վերահսկողության ներքո որևէ ձև հայտնված մեր
հայրենակիցների նկատմամբ նրանց դաժանությունները (հայկական բնակավայրերի
զանգվածային ավերումներ, սպանություններ, գլխատումներ, գնդակահարություններ,
խոշտանգումներ, ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ և այլ):
Սահմանազատումների ու սահմանագծումների նման արագությամբ
գործընթացը պարունակում է իրական վտանգներ մեր պետության սահմանային բնակավայրերի
բնակիչների, Հայաստանի ողջ ժողովրդի կյանքի, ֆիզիկական ու հոգեկան
անձեռնմխելիության, սեփականության ու նրանց կենսական կարևորության միջազգայնորեն
ճանաչված մյուս իրավունքների համար:
Սահմանազատումների ու սահմանագծումների գործընթացին պետք է
ներգրավել քարտեզագրության, գեոդեզիայի, ռազմական ու այլ ոլորտների մասնագետներ,
պատմաբաններ, անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ տեղերում, պատշաճ իրավական
հիմքերի ստեղծում և այլն:
Այս ամենը մեր պետականության անվտանգությունը երաշխավորելու ու մեր
ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար պատշաճ հիմքեր ունենալու անհրաժեշտ
քայլերից են, որ պետք է ապահովեն նաև մեր երեխաների, մեր սերունդների իրավունքների
պաշտպանությունը: