Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների,
սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված
մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական
հիմքեր:
Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և
կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու
ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և ու վերջապես՝ ՀՀ
պետական սահմանների անվտանգության մասին է:
Մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմի մասնագետների հետ միասին
աշխատանքային հատուկ այցով եղել է Սյունիքում ու համոզվել այս խնդիրների խիստ
արդիականության հարցում: Դրանից բացի, երեկ ու այսօր վաղ առավոտից Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից
ստանում է նույն խնդիրներին վերաբերող ահազանգեր ու անհանգստություններ,
իրականացվում է մարդկանց բողոքի ակցիաների մշտադիտարկում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հատուկ շեշտում ենք՝ ոչ
թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր
իշխանության բարձրագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային
բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու, առհասարակ,
մեր ողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին:
Սա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է:
Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը և վերջ: