Ադրբեջանական
իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի
բացահայտ քարոզը հայերի նկատմամբ:
1. Ադրբեջանի նախագահը
շարունակում է իր հրապարակային ելույթներով գեներացնել ատելություն ողջ հայ
ժողովրդի նկատմամբ, տալ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված սպառնալիքներ, անել
վիրավորական ու ատելություն բորբոքող արտահայտություններ:
2. Մասնավորապես,
Ադրբեջանի նախագահը 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական
միջոցառման ընթացքում ունեցել է Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված համակարգային
ատելությամբ ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով լի հրապարակային ելույթ:
Ընդ որում, նույն
միջոցառման ժամանակ Հայաստանի ողջ ժողովրդի կյանքին ուղղված ավելի բացահայտ
սպառնալիքներով, Հայոց ցեղասպանության
կազմակերպիչների ու այն իրականացնողների փառաբանումով ելույթ է ունեցել Թուրքիայի
նախագահը:
Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանն իր նույն օրվա հրապարակային հայտարարությամբ արդեն իսկ
ներկայացրել է այդ երկու ելույթների խիստ վտանգավոր հետևանքները ոչ միայն
Հայաստանի ժողովրդի, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային
համակարգի համար անգամ:
3. Դատապարտելի է
հատկապես այն, որ այդ ելույթներից հետո նույնական ձևակերպումներով ելույթ
Ադրբեջանի նախագահն ունեցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների
ներկայությամբ, այսինքն՝ արդեն ոչ թե ներքին, այլ միջազգային լսարանի համար, այն
է` միջազգային գործիչների հետ 2020 թվականի դեկտեմբերի 12-ի հանդիպման ընթացքում:
4. Ադրբեջանի նախագահի
2020 թվականի դեկտեմբերի 12-ի ելույթը լի է հայատյացություն ու թշնամանք հրահրող
արտահայտություններով, հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների բացահայտ
սպառնալիքներով:
Մասնավորապես, նա այդ
ելույթի Հայաստանին վերաբերող մասում նշել է. « (…) եթե հայկական ֆաշիզմը կրկին
գլուխ բարձրացնի, մենք նրա գլուխը երկաթե բռունցքով կջարդենք»: Ընդ որում, դա
արվել է՝ հատուկ հղում անելով Ադրբեջանի մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ին տեղի
ունեցած ռազմական միջոցառման ընթացքում Ադրբեջանի նախագահի ելույթին:
Ադրբեջանի նախագահը
հայտարարել է նաև. «Այնպիսի պատասխան տվեցինք, որ Հայաստանի բանակը և կարելի է
ասել հայկական պետությունը ոչնչացրինք (…)։ Հայ ազգայնականների այսպես կոչված
«Արցախի» երազանքները ցրիվ տվեցինք։»:
5. Այդ նույն ելույթում
օգտագործվել են հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիությամբ խորքային, այդ թվում՝
կրոնական հիմքով ատելություն գեներացնող արտահայտություններ:
6. Ադրբեջանի նախագահն
այնուհետև 2020 թվականի դեկտեմբերի 12-ի նույն ելույթում նշում է, որ Հայաստանի
ողջ ժողովրդին ուղղված իր բացահայտ սպառնալիքները Հայաստանին պետք է փոխանցի
միջազգային հանրությունը և այդ ամենը նա անում է միջազգային գործիչների
ներկայությամբ ու այն էլ հրապարակային ելույթով:
7. Ատելություն ու
թշնամանք սերմանող ձևակերպումները Ադրբեջանի նախագահի նախորդ հրապարակային խոսքերի
ու ելույթների ակնհայտ շարունակությունն են: Օրինակ՝ մի դեպքում նա հայտարարել է,
թե «Հայաստանն արժեք չունեցող երկիր է: Դա գաղութ է, արտասահմանից ղեկավարվող
տարածք:»: Մեկ այլ դեպքում հայերին անվանել է վայրի գազաններ ու գիշատիչներ: Ընդ
որում, Ադրբեջանի նախագահի Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող ելույթներում
անընդհատ խոսվում է «հայկական ֆաշիզմի» մասին ու դա արվում է հայ ժողովրդին
ակնհայտ վիրավորանք հասցնելու և Ադրբեջանի ժողովրդի մեջ հայերի նկատմամբ
ատելություն բորբոքելու նպատակով:
8. Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, հավաքագրված
ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանի նախագահի նման ելույթներից հետո
ադրբեջանական լրատամիջոցներն ու սոցիալական մեդիան համատարած լցվում են նույնատիպ
ձևակերպումներով ատելությամբ ու թշնամանքով ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայ
ժողովրդի հանդեպ առհասարակ:
9. Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ հենց այս կերպ, հենց նման ելույթներն են
տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության
հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ, անպատժելիության
բացահայտ խրախուսում ու պետական ամենաբարձր մակարդակով այդ ամենին աջակցություն:
Հայասպանության համար
հերոսացման պետական մակարդակով խրախուսումն Ադրբեջանում այն աստիճանի է հասել, որ
անգամ այդ երկրի Մարդու իրավունքների հանձնակատարը (Օմբուդսման) Եվրոպական
Միության անդամ երկրում 2004 թվականին հայ զինվորականին գիշերը կացնով դաժանաբար
սպանած Ռամիլ Սաֆարովի մասին հրապարակայնորեն հայտարարել է, որ նա պետք է
հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար:
10. Նման ելույթներն են
ուղիղ պատճառ այն բանի, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում
ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված
հանցագործությունները դաժանության աստիճանով նույնիսկ չեն տեղավորվում մարդկային
երևակայության մեջ:
11. Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետների կողմից նշված դաժան
հանցագործությունների տեսանյութերի մասնագիտական հետազոտությունը հաստատում է, որ
ադրբեջանցի զինվորականները հայկական կողմի զինվորներին կամ քաղաքացիական անձանց
խոշտանգելիս կամ նրանց սպանելիս, զոհվածների մարմինների տարբեր մասեր կտրելիս,
որպես ոգեշնչման աղբյուր, բացարձակ նույնությամբ օգտագործում են այն
արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը:
Այս ամենն ամրագրված է
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած իրական ու կոնկրետ
ապացույցներով:
12. Ուստի, Ադրբեջանի
նախագահի նշված ելույթներն ուղղակիորեն հաստատում են պատերազմական և մարդկության
դեմ ուղղված այն հանցագործություններն ու դաժանությունները, որոնք ադրբեջանական
զինված ուժերը 2016 թվականի ապրիլ, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների
պատերազմների ընթացքում ու այլ ժամանակահատվածներում կատարել են ու մինչ օրս
շարունակում են կատարել:
Այս ելույթները նաև
հաստատում են, որ միջազգային քրեական իրավունքով նախատեսված այդ արարքները
ադրբեջանական կազմակերպված պետական քաղաքականության արդյունք են, որոնցով հստակ
ապացուցվում է Արցախում էթնիկ զտումների ու ահաբեկչական մեթոդներով ադրբեջանական
ցեղասպան քաղաքականությունը:
13. Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանի համար հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի նախագահը հայ
ժողովրդին ուղղված վիրավորանքներով լի ու թշնամանք քարոզող ելույթը 2020 թվականի
դեկտեմբերի 12-ի ունեցել է միջազգային գործիչների ներկայությամբ ու զարմանալիորեն
դրանից հետո նա չի արժանացել այդ գործիչներից որևէ մեկի դատապարտման կամ անգամ
նույնիսկ անհամաձայնության:
14. Մարդու
իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ատելության ու թշնամանքի քարոզի նկատմամբ
միջազգային հանրության հենց նման դատապարտելի անտարբերությունն է այն գլխավոր
նախապայմաններից մեկը, որ հանգեցրել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից
հայերի նկատմամբ համակարգային ու լայնածավալ խոշտանգումների ու դաժանությունների:
15. Նման ծայրահեղ
վտանգավոր երևույթները պետք է պարտադիր արժանանան միջազգային համաշխարհային
հանրության խիստ դատապարտմանը:
Պետք է նկատի ունենալ,
որ այս ամենը ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու խաթարում
մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային ողջ համակարգը։
16. Անպատժելիությունը
առաջ է բերում նոր դաժանություններ ու խոշտանգումներ:
17. Միջազգային
համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ
ունեցող միջազգային կառույցները պետք է ապացուցեն, որ տեր են իրենց կոչմանն ու
առաքելությանը, որ դեռ շարունակում են հավատարիմ մնալ իրենց իսկ սահմանած
միջազգային կանոններին:
18. Սույն
հայտարարությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը մարդու
իրավունքների համար ծայրաստիճան վտանգավոր այս երևույթներին պայմանավորված է
ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի կյանքի, սեփականության ու մյուս
իրավունքների ամենակոպիտ խախտումները, գերեվարության մեջ գտնվող զինվորականների ու
քաղաքացիական անձանց խոշատնգումների ու դաժանությունների իրական պատճառներն ու
նպաստող պայմաններն արձանագրելու, վերլուծելու ու միջազգային հանրությանը
ներկայացնելու անհրաժեշտությամբ:
Դա պայմանավորված է նաև
նրանով, որ այդ խախտումներն ունեն երկարատև կամ ցմահ բացասական հետևանքներ դրանց
զոհերի համար (ցմահ հաշմանդամություն, ֆիզիկական և հոգեկան երեկարատև ազդեցությամբ
տառապանքներ խոշտանգումների զոհերին ու նրանց ընտանիքներին և այլն):