Գուգլ քարտեզի (Google Map) կամ գլոբալ
տեղորոշման համակարգի (GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ
սահմանագծում իրականացվել չի կարող:
Անհասկանալի է` օրինակ, Գուգլ քարտեզի ո՞ր տարբերակն է հիմք
ընդունվում, երբ Գուգլն
ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ: Կամ
արդյո՞ք
պարզել ենք` ալգորիթմային ի՞նչ համակարգեր կամ տեղորոշման ի՞նչ մեխանիզմ է դրվել
առցանց քարտեզի կոնկրետ տարբերակի հիմքում:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի
ուսումնասիրություններն ու դիտակումները սահմանային բնակավայրերում հաստատում են,
որ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի
բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության
սահմանադրական իրավունքները:
Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի
ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է:
Սահմանազատումների կամ սահմանագծումների հարցում անհրաժեշտ են
մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում
մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն:
Այս հարցը պետք է լինի մեր երկրի բացառիկ գերակայությունների
թվում, բոլորի առաջնահերթ ուշադրության կենտրոնում: