Ադրբեջանի զինված ուժերի արդեն 22 օր տևող ու չդադարող զինված
հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել ոչ միայն Արցախի քաղաքացիական
բնակավայրերում, այլ նաև բոլոր այն վայրերում, որտեղ անմիջական ռազմական
բախումներն են:
Արցախի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված
ուժերի շարունակվող թիրախային հարձակումների հետևանքով ավերվում են տներ ու
կենսական քաղաքացիական ենթակառույցվածքներ, արգելված զինատեսակներից սպանվում կամ
կյանքը խեղող վնասվածքներ են ստանում խաղաղ բնակիչներ:
Արցախում ադրբեջանական
զինված ուժերը հարձակումներ են գործում շտապ բժշկական օգնության մեքենաների ու
հոսպիտալի ուղղությամբ:
22 օր անընդհատ հայտարարվում է բոլոր կողմերում գերիների, ինչպես
նաև զոհերի ու դիակների մասին:
Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է
վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է
սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր
ազգականների նկատմամբ:
Առկա վիճակը աղետալի է նաև շրջակա միջավայրի աղտոտման, վարակիչ հիվանդությունների
զանգվածային տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից՝ բնապահպանական աղետի
վերածվելու իրական սպառնալիքով: Իսկ այս ամենն արդեն չի ճանաչում պետական
սահմաններ ու վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Այս մասին է վկայում նաև
Հայաստանի առողջապահության նախարարության մասնագիտական գնահատականը:
Այս ամենը միջազգային իրավունքի, այդ թվում՝ 1949թ֊ի Ժնևյան
կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային
մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող հանցավոր խախտումներ են:
Միջազգային հանրությանը՝ անհրաժեշտ է իրական քայլերով անհապաղ
կանխել այս վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը: Կարմիր Խաչի
Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ, ICRC) համար պետք է ապահովվի մարդասիրական առաքելության
իրական և արդյունավետ հնարավորություն: