Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային
3 խմբերն այց են իրականացրել Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կացարաններ՝
նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման հարցում աջակցություն
ցուցաբերելու համար:
Մարզերում տեղակայված կացարաններում Պաշտպանի ներկայացուցիչները,
այդ թվում՝ ներգրավված բժիշկը և հոգեբանը, ծանոթացել են նրանց կենսապահովման
պայմաններին և կարիքներին:
Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարաններում
բնակվող անձանց հետ: Առաջնահերթ ուշադրության են արժանացել երեխաներն ու
տարեցները:
Մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների
ներկայացուցիչները, կացարաններում կամավոր աշխատանք կատարող քաղաքացիներն այցերի
ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ:
Նրանց հետ քննարկվել են Արցախից ժամանած անձանց սոցիալական և
առողջապահական կարիքների, բնակության պայմանների, սննդի, հագուստի, երեխաների
կրթության իրավունքն անխոչընդոտ ապահովելու, տարեցների սոցիալական ապահովության
իրավունքի երաշխավորման և այլ հարցեր:
Կացարաններում բնակվող անձանց կողմից բարձրացված մի շարք հարցեր
տեղում ստացել են լուծում:
Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են և ՀՀ պետական և տեղական
ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ
կձեռնարկվեն մարդկանց խնդիրները լուծելու համար:
Արցախից ժամանած անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո: