Այսօր
Ադրբեջանը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով երկու անգամ հրթիռակոծել
է Արցախի Հադրութ քաղաքը: Կասետային մարտագլխիկներով իրականացված հրթիռակոծության արդյունքում
վնաս է հասցվել քաղաքացիական բնակչությանը: Այդ մասին վկայում են պաշտոնական և բոլոր
մեդիա հրապարակումները, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչությունից և Մարդու իրավունքների
պաշտպանին ներկայացված առանձին ահազանգերից ստացված տեղեկությունները:
Ինտենսիվ
կասետային հրթիռներ կիրառելու մասին նախորդ օրը հայտարարել էր նաև Արցախի մարդու իրավունքների
պաշտպանը՝ փաստահավաք աշխատանքների արդյունքներով:
Կասետային
մարտագլխիկներով զինված հարձակումները անթույլատրելի ռազմական ագրեսիա է Արցախի խաղաղ
բնակչության նկատմամբ:
Եվ՛ Ժնևյան
կոնվենցիաները, և՛ Կասետային զինամթերքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան հստակ սահմանափակում
են պատերազմելու մեթոդների ու միջոցների ընտրության իրավունքը՝ չթույլատրելով նման
վտանգավոր զինատեսակների կիրառումը: Միջազգային իրավական փաստաթղթերը և միջազգային
մարդասիրական սովորութային իրավունքն արգելում են կասետային զինատեսակների կիրառումը՝
դրանք համարելով մահաբեր և անմարդկային (inhuman): Նշված զինատեսակներն ունեն ոչ ընտրողական
ազդեցություն (indiscriminate effect) և վտանգում են խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը,
պատճառում լրացուցիչ վնասներ ու տառապանքներ:
Մարդու
իրավունքների պաշտպանը դիմում է շահագրգիռ միջազգային կազմակերպություններին և մարդու
իրավունքներով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպություններին արձագանքել և հանդես
գալ հստակ և աներկբա կոչերով դադարեցնելու ադրբեջանական կողմի նման ագրեսիվ ու անմարդկային
վարքագիծը:
Նման զենքի
կիրառումն արդեն հատում է բոլոր կարմիր գծերը և կարող է բերել անկանխատեսելի հետևանքների:
Կասետային զինատեսակների կիրառումը ոչ միայն անթույլատրելի է հասցված անմիջական վնասների
տեսանկյունից, այլ նաև լրջորեն վտանգավոր ապագա սերունդների առողջության համար: