Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական
վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային
լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Խոսքը 3,000-4,000
վարձկանների մասին է, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին
մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների:
Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային
լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպություններ:
Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում են նաև Արցախի աղբյուրներով:
Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի
հումանիտար աղետի՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ դաժանություններով
ու ավերածություններով:
Պետք է հաշվի առնել, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի
սանձազերծած ռազմաօդային ու հրետանային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի,
Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ լայնածավալ ատելության խոսքով ու
բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով: Դրանից բացի, Արցախի ու
արդեն Հայաստանի նկատմամբ առանց տարբերակման (indiscriminate) հրետակոծություններով
թիրախավորված են նաև խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհները,
գազատարները, կապի միջոցները և այլն: Այս բոլորը մեկ շղթայի տարբեր մասեր են:
Սարսափելի է նույնիսկ պատկերացնել մարդկության դեմ ուղղված
ու ռազմական այն հանցագործությունները, որ կարող են տեղի ունենալ այս
զարգացումների պայմաններում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի
սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը
ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների
արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն
ու մարդու իրավունքներին:
Ուստի, միջազգային հանրությունը ու հենց առաջին հերթին մարդու
իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն:
Անհրաժեշտ է ամեն ինչ անել կանխելու համար այսօր տեղի ունեցող
պատերազմական գործողությունները ու դա պետք է անել ոչ թե ձևական կոչերով, այլ
իրական քայլերով:
Միջազգային հանրությունը, այն էլ մարդու իրավունքների հարցերով
կառույցները չունեն իրավունք անտեսելու այս ամենը՝ թաքնվելով «քաղաքական»
պատրվակների տակ կամ արդարանալով սեփական մանդատների «անզորությամբ»:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան