Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մարդու
իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել և
ուղղել ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության
և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը:
Պաշտպանի գրություններում շեշտվել է, որ դպրոցները,
տները և քաղաքացիական այլ օբյեկտներ հարձակման տակ են առանց խտրականության
(indiscriminate)՝ իրական վտանգ առաջացնելով կանանց, երեխաների և Լեռնային
Ղարաբաղի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:
Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Արցախի
քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումները Ժնևի
կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ
ոտնահարումներ են։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս
հարցերում իր գործունեությունն իրականացնում է հիմք ընդունելով մարդու
իրավունքների պաշտպանության իր մանդատը և հիմնվելով կոնֆլիկտային իրավիճակներում
մարդու իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը
մշտական կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ: