Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի նախաձեռնած
լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են
պատճառվել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) խաղաղ բնակչությանը: Մարտակերտը,
Մարտունին, Ստեփանակերտը և այլ քաղաքներ, շատ գյուղեր խոշոր տրամաչափի
հրետակոծության տակ են:
Ըստ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների
պաշտպանի (Օմբուդսման) հաղորդման՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում մեկ երեխա
ու մեկ կին սպանվել են և վիրավորվել երկու քաղաքացի: Քաղաքացիական բնակչությանը
պատճառված վնասների այլ դեպքեր նույնպես արձանագրվել են:
Պաշտոնական և բոլոր մեդիա հրապարակումները,
խաղաղ բնակչության տագնապալի հայտարարությունները վկայում են, որ հրետակոծությունն
իրականացվում է թիրախավորված:
Դպրոցները, տները և քաղաքացիական այլ
օբյեկտներ հարձակման տակ են առանց խտրականության (indiscriminate)՝ իրական
վտանգ առաջացնելով կանանց, երեխաների և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքի
ու առողջության համար:
Մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները Ժնևի
կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ
ոտնահարումներ են:
Այս ռազմական հարձակումներն առավել
դատապարտելի են Նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի պայմաններում: ՄԱԿ-ի
Գլխավոր քարտուղարը, Կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, աշխարհի բոլոր
անկյուներում անհապաղ համաշխարհային հրադադարի կոչ է արել:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն
ուղիղ կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և հայկական խաղաղ
բնակչության հետ: